- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների ուսումնական պրակտիկաները հագեցած էին ճանաչողական այցերով
2023-2024 ուստարվա II կիսամյակում իրականացվել են մի շարք ճանաչողական այցեր ԵՊՀ ԻՄ «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ուսանողների ուսումնական պրակտիկաների շրջանակներում: Տվյալ մասնագիտության առկա ուսուցման 2-րդ կուրսում անցկացվել է «Ուսումնական պրակտիկա-2»-ը (ղեկավար՝ մ.գ.թ., ասիստենտ Հ. Ազիզյան), հեռակա ուսուցման 2-րդ կուրսում՝ «Ուսումնական պրակտիկա-1»-ը (ղեկավար՝ ասիստենտ Ա. Ուլիխանյան), հեռակա ուսուցման 3-րդ կուրսում՝ «Ուսումնական պրակտիկա-2»-ը (ղեկավար՝ դասախոս Ս. Սաֆարյան):
Գործունեությունը, ինչպես նշել է Արիստոտելը, տեսության և պրակտիկայի կենդանի միասնությունն է, հետևաբար չկա տեսություն՝ առանց պրակտիկայի, և չկա պրակտիկա՝ առանց տեսության: Նույնը կարելիէ ասել և ուսումնական գործընթացի մասին. տեսական գիտելիքներից բացի՝ ուսանողներին անհրաժեշտ են գործնական կարողություններ և հմտություններ, որոնք կարելի է ձեռք բերել պրակտիկաների միջոցով:
Պրակտիկաները մասնագիտության կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքներով տվյալ ոլորտի մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ գործընթաց են: Ուսումնական պրակտիկաներն ուսանողներին հնարավորություն են տալիս ամրապնդելու, լրացնելու և խորացնելու ուսումնառության ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները և դրանք կիրառելու գործնականում, բարձրացնելու ուսանողների գիտակրթական բավարարվածության և մասնագիտական իրազեկվածության մակարդակը, ստեղծելու ուսումնական և աշխատանքային մոտիվացնող միջավայր:
Ելնելով «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ուսումնական պրակտիկաների ծրագրերից՝ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում կազմակերպվել է երթուղիների իրականացում հետևյալ ուղղություններով՝
Քաղաքային տուր Իջևանում,
Իջևան–Թուֆենկյան Հին Դիլիջան համալիր–Բեսթ Վեսթեռն հյուրանոցային համալիր–Դիլիջանի զբոսայգի («Verev rope park»)–Ալպյան ամրոց հյուրանոցառեստորանային համալիր–Հաղարծին–Իջևան,
Իջևան–Պարզ լիճ–Գոշ գյուղ–Իջևան,
Իջևան–Քոբայրի վանք–Օձուն վանական համալիր–«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց–Իջևան,
Իջևան–Վարդենյանց լեռնանցք–Օրբելյանների իջևանատուն–Նորավանք վանական համալիր–Մագելանի քարանձավ–Հայրավանք–Իջևան:
Երթուղիների իրականացման նպատակն էր ուսանողներին հաղորդակից դարձնել զբոսաշրջության երեք հիմնական ուղղությունների բաղադրիչներին՝
զբոսաշրջային ձեռնարկություններ (թանգարան-հյուրանոցներ),
պատմական հուշարձաններ-եկեղեցիներ,
բնական հուշարձաններ-ազգային պարկեր:
Ուսումնական պրակտիկաների ընթացքում իրականացված այցերի շրջանակներում ուսանողները գնահատեցին ՀՀ սոցիալ-մշակութային ծառայությունների և զբոսաշրջության զարգացման գործում ազգագրական, կրոնական արժեքների, ազգային արվեստի և ճարտարապետության դերն ու նշանակությունը, ինչպես նաև համեմատեցին այլ տարածաշրջանների և Տավուշի մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքները և սոցիալ-մշակութային ծառայությունների օբյեկտները: