ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Մակարյանի նախագահությամբ:

Տնօրենության անդամների կողմից առաջարկված փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ տնօրենության տարեկան աշխատանքային պլանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետի գրասենյակի վարչարարության մասնագետի պաշտոնի անձնագիրը:Քննարկվեցին նոր՝ 2024-2025 ուստարվա նախապատրաստական աշխատանքներին, 2024-25 ուստարվա առկա ուսուցման ընդունելության արդյունքներին և խնդիրներին, 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը, 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակների տրամադրմանը (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) վերաբերող հարցեր:

Նոր՝ 2024-2025 ուստարվա նախապատրաստական աշխատանքների առնչությամբ ներկայացվեց, որ կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ՝ պրոֆեսորադասախոսական կազմի անհատական բեռնվածության, դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի և խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ կապված: Հաստատված դասացուցակները տեղադրվել են ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում: Տնօրենը հանձնարարեց նաև հետևել, որ դրանք ուղարկված լինեն դասախոսների էլեկտրոնային հասցեներին: Ըստ այդմ՝ նշվեց, որ մասնաճյուղը պատրաստ է նոր ուսումնական տարվան:

2024-25 ուստարվա  առկա ուսուցման ընդունելության արդյունքների և խնդիրների հարցի մասին նշվեց, որ տվյալ ուստարում մասնաճյուղ է դիմել 216 դիմորդ, որոնցից ընդունվել է 182-ը (1-ին փուլի մրցույթի արդյունքների համաձայն՝ 176, թափուր մրցույթի արդյունքների համաձայն՝ 6 դիմորդ): Նախորդ տարվա համեմատ մոտ 14%-ով ավելացել է մասնաճյուղ ընդունված դիմորդների թիվը (160 / 182 դիմորդ): Բոլոր անվճար տեղերը համալրվել են: Ընդհանուր առմամբ նկատելի է դրական դինամիկա: Ընդունելության ամենաբարձր ցուցանիշներըը գրանցվել են «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» (35 դիմորդ), «Անգլերեն լեզու և գրականություն» (27), «Պատմություն» (20) կրթական ծրագրերում: Ցուցանիշները մտահոգիչ են «Հոգեբանություն» (7 դիմորդ), «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» (6 դիմորդ), «Հայոց լեզու և գրականություն» (5 դիմորդ) կրթական ծրագրերում:

2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանն ամփոփելիս նշվեց, որ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանին մասնակցել են առկա ուսուցման 481 և հեռակա ուսուցման 365 ուսանողներ: Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ մասնաճյուղից հեռացվում է 14 ուսանող (առկա ուսուցման համակարգի 1 և հեռակա ուսուցման 13): Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր է կուտակել 42 ուսանող (1-ը՝ առկա, 41-ը՝ հեռակա ուսուցմամբ սովորող): Դասընթացի կրկնություն է անցնելու 18 ուսանող (առկա ուսուցման 6 և հեռակա ուսուցման 12):  

2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակների տրամադրման (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) հարցի կապակցությամբ ֆակուլտետների կողմից առաջարկված թեկնածություններից «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակի համար հավանության արժանացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Հարությունի Դարբինյանի թեկնածությունը, իսկ «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակի համար՝ Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Մեսրոպի Շահնազարյանի թեկնածությունը:

Ընթացիկ հարցերից էր 2024 թ. մայիսի 4-ին ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի որոշմամբ հաստատված ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոններում (նոր խմբագրությամբ) աշխատողների աշխատաժամանակին առնչվող հարցը: Շեշտվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և գիտական աշխատողների աշխատաժամանակը սահմանվում է 9.15-19.00-ն ընկած ժամանակահատվածում՝ պահպանելով օրվա ծանրաբեռնվածությունը: Մասնաճյուղի մյուս աշխատողների աշխատանքային օրվա սկիզբը երեքշաբթիից ուրբաթ օրերին սահմանվում է 9.00-ին, ավարտը՝ 16.45-ին, իսկ շաբաթ օրվա սկիզբը սահմանվում է 9.00-ին, ավարտը՝ 16.30-ին: Ընդմիջման ժամ է սահմանվում 13.00-13.30-ն ընկած ժամանակահատվածը:

Նիստի վերջում ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը համալսարանականներին շնորհավորեց նոր ուստարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջող և արդյունավետ ուսումնական տարի:

Spread the article
©2024 All rights reserved.