2022թ. ապրիլի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կողմից:

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:

Մրցույթին մասնակցում էին գլխավորապես այն դպրոցների աշակերտները, որտեղ առկա է «Արմաթ» աշխատանոց: Այս պահին Արմաթը գործում է Հայաստանի 610 դպրոցներում, Վրաստանի/Ջավախքի 10 և Հնդկաստանի Գուջարաթ նահանգի 3 կենտրոններում:

Արդեն 7-րդ անգամ՝ սկսած 2015 թվականից, իրականացվում է մրցույթը, որին այս ընթացքում մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ, և եղել են 50-ից ավել հաղթած թիմեր, որոնք ստացել են տարբեր մրցանակներ, ճամբարների ուղեգրեր, պարգևատրումներ և տարբեր տեսակի խրախուսումներ:

Այս տարի «ԴիջիԿոդ» մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (ԴիջիԿոդ՝ Շիրակ, Լոռի, Հյուսիս, Հարավ, Կենտրոնական) և հանրապետական:

Ապրիլի 9-ին իրենց աշխատանքներն են ներկայացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչները:

Դիջիկոդի ծրագրավորման լեզուններն են՝ Աղվես/scratch, Կրիայ/kturtle և Python:

Մարզային փուլի անվանակարգերն են՝

  • 4 անվանակարգ Աղվես/scratch ծրագրի համար (2 հատ՝ 10-13 տարեկան, 2 հատ՝ 14 և բարձր տարիքային),
  • 2 անվանակարգ Python ծրագրի համար (1 հատ՝ 10-13, 1 հատ՝ 13 և բարձր տարիքային),
  • 3 անվանակարգ Կրիայ օլիմպիադայի համար (10-12 տարեկան, 13-15 տարեկան, 16-18 տարեկան):

Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մարզային փուլին ներկայացվել է 94 նախագիծ Աղվես/scratch ծրագրով, որոնցից մարզային եզրափակիչ են անցել 40 նախագիծ, 4 նախագիծ Python ծրագրով, որոնցից մարզային եզրափակիչ են անցել 4 նախագիծ, 74 հայտ Կրիայ օլիմպիադային, որոնցից մարզային եզրափակիչ է անցել 30-ը:

Նախատեսված էր, որ Աղվես/scratch և Python ծրագրերով ներկայացված նախագծերի հաղթող անվանակարգերը որոշվեն մրցույթի ավարտին, իսկ Կրիայ օլիմպիադայի պատասխանները հրապարակվեն մրցույթից 3 օր անց:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին “Leviathan” ընկերության տնօրեն Սաթենիկ Մնացականյանը, ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տոխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, “Luseen Mobile” ընկերության համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանը, “NWS Lab” ընկերության Back End ինժեներ Վիկտոր Օհանյանը, «Արմաթ» ԻԼ Արարատի մարզի համակարգող Վյաչեսլավ Իսրայելյանը:

Հանրապետական փուլը տեղի կունենա ս.թ. ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում, որին կմասնակցեն մարզային փուլը հաղթահարած մասնակիցները:

Մրցույթի պատասխանատուները շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին՝ աջակցության, մասնավորապես՝ մրցույթի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ տրամադրելու համար:

Spread the article
©2024 All rights reserved.