2022թ. հունիսի 8-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի գլխավորությամբ այցելեցին Երևան:
Այցելության նպատակը Երևանի՝ որպես ՀՀ կարևոր զբոսաշրջային դեստինացիայի (նպատակակետ) ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրումը և գնահատումն էր:
Ուղևորությունն իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան - Երևանի Ազգային պատկերասրահ - Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան - Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Երվանդ Քոչարի տուն-թանգարան - Կասկադ համալիր - Զվարթնոց տաճար - Իջևան:
Ուսանողները աղյուսակների, քարտեզների, տեսանյութերի միջոցով նախապես ծանոթացել էին Երևանի պատմությանը, պատմաճարտարապետական հուշարձանների, սոցիալ-մշակութային ծառայություններ մատուցող օբյեկտների, զբոսայգիներին և զբոսաշրջային ենթակառուցվածքների ցանկին: Այցելության համար առանձնացվել էին առավել կարևոր զբոսաշրջային օբյեկտները, և ուսանողներին հանձնարարվել է դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկատվության նախապատրաստում՝ տեղում տվյալ օբյեկտը մասնագիտորեն ուսումնասիրելու, ներկայացնելու, զբոսաշրջային փաթեթներում դրանց ընդգրկվածությունը գնահատելու նպատակով:
Ուղևորության ընթացքում «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին երթուղու ուղղությամբ գտնվող բնաաշխարհագրական օբյեկտները, զբոսաշրջային ենթակառուցվածքները:
Երևանում պրակտիկան կազմակերպվեց քաղաքային շրջագայության ձևով, որը հնարավորություն տվեց ուսումնասիրելու ոչ միայն երթուղում մատնանշված օբյեկտները, այլև ծանոթանալու քաղաքի փողոցներին, զբոսայգիներին և զբոսաշրջային գրավչություն ունեցող օբյեկտներին: Երևանից ուսանողներն ուղևորվեցին Զվարթնոց տաճար, որտեղ պրակտիկայի ղեկավարը ուսանողների ակտիվ մասնակցությամբ մասնագիտորեն վերլուծեց տաճարի պատմությունը, ճարտարապետական հորինվածքի առանձնահատկությունները և զբոսաշրջային դերը:
Ուսումնական պրակտիկայի շրջանակներում Երևան կատարված ուղևորությունը բավականին տպավորիչ էր և ուսանելի. այն նպաստեց ուսանողների տեսական գիտելիքների գործնական ամրապնդմանը: