2019թ. ապրիլի 16-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2008թ. շրջանավարտ, «Արարատբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Թագվոր Արայիկի Մանթաշյանի հետ:

- Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

- Ծնվել եմ 1987 թվականին Իջևան քաղաքում:  

- Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

- Ծնողներս մասնագիտությամբ ճարտարագետներն են, հայրս՝ էլեկտրաարդյունաբերության, մայրս՝ սննդի արդյունաբերության ոլորտներում: Եղբայրս՝ Վաղինակ Մանթաշյանը, ավարտել է ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության բակալավրիատը, այժմ աշխատում է որպես ճարտարագետ:

- Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

- Նախադպրոցական տարիքում երազում էի դառնալ կռունկավար, ավելի ուշ՝ օդաչու:

- Ի՞նչ կրթություն եք ստացել:

- Ավարտել եմ Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 2008 թվականին ավարտել եմ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան: 2010 թ.-ին ավարտել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

- Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

- ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը իմ գիտելիքների և հմտությունների հիմքն է: Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը տվեց մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն և ռացիոնալ մտածողություն:

- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

- Աշխատանքային փորձս սկսվել է «Արարատբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ նախ որպես վարկային մասնագետ, ապա կառավարչի տեղակալ և այժմ որպես կառավարիչ: 

- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

- Հանս Վերներ Ռիխտերի «Մի սպանաներ» վեպն է, որը ես կարդացի զինվորական ծառայության ժամանակ: 

- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

- Եթե չնշեմ մասնագիտական գրականությունը, ապա Բուկեր Վաշինգտոնի “Up from Slavery” գիրքն է:

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

- Երաժշտության նախընտրելի ոճ չունեմ: Սիրելի երգերի ցանկը բազմազան է: Կառանձնացնեմ ուկրաինական և լեհական ժողովրդական երգերը, որոնք վերջին շրջանում սկսել եմ լսել մեծ հաճույքով:

- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

- ԽՍՀՄ ֆիլմերից կառանձնացնեմ «Հարսնացուն հյուսիսից», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերը, իսկ ժամանակակից ֆիլմերից՝ «Իններորդ վաշտ», «Փախուստ Շոուշենկից», «Հրով և սրով» ֆիլմերը:

- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

- Նախընտրում եմ ֆուտբոլ:

- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

- Հայաստանում՝ Լաստիվերը, Դադիվանքը, Տաք ջուրը՝ Իստիսուն (Արցախն էլ է Հայաստան): Արտերկրում շատ չեմ եղել: Այցելածս վայրերից կնշեմ Մցխեթան, Մոսկվան, Տուապսեն: Կցանկանայի տեսնել Հռոմը, Յելոուսթոուն պարկը:

- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

- Ազնվությունը, հայրենասիրությունը, պարկեշտությունը:

- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

- Կարգախոսներով չեմ առաջնորդվում:

- Ի՞նչ երբեք չեք անի:

- Երբեք չես իմանա, թե որ իրավիճակում ինչպես կվարվես:

- Ինչի՞ց եք վախենում:

- Վախերի մասին չեմ մտածել:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Չեմ ափսոսում:

- Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

- Խնդրին բազմակողմանի և խորը նայելը, փորձն ու նախադեպը, ռիսկերի ճիշտ գնահատումը:  

- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Ընտանիքս, հարազատներս և ընկերներս:

- Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

- Աշխատասիրությունը, նպատակասլացությունը, ինքնակրթությամբ զբաղվելը, դժվարություններից չվախենալը:

- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

- Խորհուրդներ շատ եմ ստացել: Դժվարանում եմ առանձնացնել մեկը: Յուրաքանչյուրից մի օգտակար բան եմ քաղել:

- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

- Երիտասարդներին՝ մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, խորհուրդ կտամ օգտագործել ամեն մի պահ՝ նոր բան սովորելու համար, դասապրոցեսից քաղել առավելագույնը: Սրընթաց փոխվող աշխարհում գիտելիքն ու ինֆորմացիան առաջնային են, ուստի անհրաժեշտ է անընդհատ ինքնակրթվել: Սիրելի՛ ուսանողներ, մի՛ վախեցեք սխալվել, քանի որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:   

- Շատ շնորհակալ ենք հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

 

Опубликовать материал
©2024 Все права защищены.