2019թ. մայիսի 2-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2012թ. շրջանավարտ, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի գրասենյակի և ծրագրերի ղեկավար, «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի համայնքային կենտրոնի անգլերեն լեզվի խմբակների համակարգող Վարսիկ Վարդգեսի Ներկարարյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

- Ծնվել եմ 1991թ. հունիսի 26-ին Իջևանում:

Պատմեքխնդրում եմՁեր ընտանիքի մասին:

- Մեծ եղբայրս փաստաբան է, 2017 թվականին Իջևանում հիմնել է «Ներկարարյան իրավաբանական գրասենյակ»-ը և այդ ժամանակվանից մատուցում է փաստաբանական ծառայություններ: Փոքր եղբայրս զբաղվում է ձեռնարկատիրությամբ:

Ծնողներիս գործն ամենաբարդն ու ծանրն  է. նրանք օգնում են մեզ՝ երեքիս:

- Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

- Ուզում էի դառնալ թարգմանիչ կամ ուսուցիչ: Երկուսն էլ իրականություն է դարձել: Երբեմն նաև երազում էի աշխատել ինչ-որ մեծ ու հետաքրքիր կազմակերպությունում, այնպիսի աշխատանք էի ուզում, որ ոչ թե պարզապես աշխատեի, այլ ապրեի այդ աշխատանքով: Այս հարցում էլ կարողացա երազանքս իրականություն դարձնել: Միակ երազանքս, որ դեռևս իրականություն չէ՝ վարդերի ջերմոցում աշխատելն է:

- Ի՞նչ կրթություն եք ստացել:

- Ֆորմալ կրթությունս ստացել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. սովորել եմ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ: Ունեմ բակալավրի աստիճան: Ֆորմալ կրթությանս զուգահեռ՝ մասնակցել եմ տարբեր կարճաժամկետ ու երկարաժամկետ վերապատրաստումների Հայաստանում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թուրքիայում և Գերմանիայում:

- Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

- Եթե կարճ, ապա կարող եմ ասել, որ ԵՊՀ ԻՄ-ում ես սովորել եմ սովորել: ԵՊՀ ԻՄ-ում ես ոչ միայն գիտելիք եմ ստացել, այլև ձեռք եմ բերել աշխատանքային փորձ:

- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

- 2012 թվականին, երբ դեռ ուսանող էի, աշխատում էի «Հայաստանի Ամերիկյան Խորհուրդներ» կազմակերպության «Ուսանող դեսպան» ծրագրում՝ որպես Տավուշի մարզի ուսանող դեսպան: Միևնույն ժամանակ Խաղաղության կորպուսի կամավոր Թամարա Ինգլանդի հետ ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպում և իրականացնում էինք անգլերեն լեզվի խմբակներ: Հիշում եմ՝ գրեթե միշտ 7-ին էի տուն գնում համալսարանից:  Հոգնեցնող էր իհարկե, բայց ամեն օրս իմաստալից էր, ամեն օր մի նոր բան էի սովորում: Այս աշխատանքիս զուգահեռ՝ «ՍՕՍ - մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևանի մասնաճյուղում կամավոր սկզբունքով իրականացնում էի անգլերենի ուսուցում:

2014 թ.-ից մինչև հիմա դասավանդում եմ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի համայնքային կենտրոնում (այն ժամանակ կոչվում էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի Դիլիջանի երիտասարդական կենտրոն):

Որպես թարգմանիչ աշխատել եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ−ի կողմից դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային պատվիրակության հետ:

Որպես հետազոտող աշխատել եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հասարակական կազմակերպությունների քարտեզագրում» ծրագրում:

2013 թվականին «Երիտասարդական Խաղաղարչական ճամբար» ծրագրում որպես թրեյներ աշխատել եմ Բուդապեշտում (Հունգարիա):

Նույն թվականին Բուդապեշտից վերադառնալուց անմիջապես հետո սկսեցի աշխատել «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում՝ սկզբում որպես գրասենյակի և ծրագրերի համակարգող, այժմ արդեն որպես ծրագրերի և գրասենյակի ղեկավար: Հիմա իրականացնում ենք «Իջևան ինֆոտուն» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրերը:

- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

- Այս պահին երկու գիրք եկավ միտքս՝ Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետը» և Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին»:

- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

- Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», որն, անկեղծ ասած, այնքան էլ չհավանեցի:

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրումև ո՞րն է Ձեր սիրած երգը:

- Բլուզ, ջազ և այսպես կոչված կլասիկ ռոք: Սիրած երգեր շատ ունեմ այս ոճերի մեջ՝ Frank Sinatra - “Killing me softly”, “Fly me to the moon”, Lenoard Cohen - “Dance me to the end of love”, “Leaving the table”,  Chris Rea - “And you my love”, “The way you look tonight”, “Blue café”, “Thinking of you”: Սրանք այն ստեղծագործություններն են, որոնք միշտ լսում եմ՝ անկախ տրամադրությունից:

- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

- Ֆիլմերի սիրահար չեմ, բայց գրեթե ամեն շաբաթ հավաքվում ենք՝ ինչ-որ ֆիլմ դիտելու: Ընկերներս են հիմնականում առաջարկում ինչ նայել: Ֆիլմ նայելն ինձ համար ավելի շատ ընկերներիս հանդիպելու, նրանց հետ զրուցելու առիթ է:

- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

- Այո՛, սիրում եմ բադմինթոն, վոլեյբոլ և թենիս: Վերջինիս հնարավորությունը, ցավոք, Իջևանում չունենք: 

- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

- Հայաստանում սիրում եմ Իջևանը, մասնավորապես՝ Քանդակների այգին:  Դիլիջանը, որն իմ երկրորդ բնակավայրն է կարծես դարձել, նույնպես սիրելի ու հարազատ է ինձ: Երևանում սիրում եմ Աբովյան փողոցը:

Արտերկրում ամենաշատը սիրում եմ Ստրասբուրգը՝ մասնավորապես գետափնյա ճեմուղիները: Մյուս քաղաքը, որ հավանել եմ, Բեռլինն է, որը ես անվանում  եմ մարդակենտրոն քաղաք: 

- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

- Չորս կարևոր հատկանիշ կարող եմ նշել՝ բարեկրթություն, ինտելեկտ, պարկեշտություն և համեստություն: Այս հատկանիշներն ինձ համար նաև նախապայման են հարաբերություններ կառուցելու համար:

- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոսորով առաջնորդվում եք:

- Կյանքիս տարբեր փուլերում ունեցել եմ կարգախոսներ, բայց հիմա կա՛մ չունեմ, կա՛մ դրանք այնքան են դարձել ինձ հարազատ ու գուցե նաև դարձել կենսակերպ, որ չեմ նկատում, որ ունեմ:

- Ի՞նչ երբեք չեք անի:

- Երբեք ձեռք չեմ տա սարդի, բայց դե կյանք է:

- Ինչի՞ց եք վախենում:

- Վախեր իհարկե ունեմ, բայց աշխատում եմ դրանց մասին նույնիսկ չմտածել:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, քանի որ վստահ եմ, որ տվյալ պահին ես արել եմ ամեն ինչ իմ ուժերի ներածին չափով, եթե նույնիսկ ինչ-որ բան ձախողել եմ: Հավատում եմ տվյալ պահին իմ կայացրած որոշման ճիշտ լինելուն:

- Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

- Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանելը, արագ որոշում չկայացնելը և իրավիճակը տարբեր կողմերից դիտարկելը:

- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Ես համարում եմ, որ ունեմ ձեռքբերումներ և գիտակցում ու գնահատում եմ դրանք, օրինակ՝ ուսումս, աշխատանքս կամ ընտանիքս, ընտանեկան ջերմությունն ու սերը, որ մեր ընտանիքում բոլորս ենք ստեղծում, սակայն ամենամեծ ձեռքբերումս դեռ առջևում է: Չնայած, մյուս կողմից, հակված եմ մտածելու, որ չկա ամենամեծ ձեռքբերում, կան ձեռքբերումներ, որոնք ունենալով՝ դու դառնում ես այն, ինչ կաս:

- Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

- Չեմ կարծում, որ հնարավոր է ունենալ այնպիսի բանաձև, որ բոլոր իրավիճակներում աշխատի, քանի որ մտածում եմ, որ կյանքում ոչ մի դեպք նույնը չի լինում: Ամեն իրավիճակի ու նպատակի համար պետք է ստեղծել նոր բանաձև:

- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

- Սովորաբար խորհուրդներ չեմ սիրում ստանալ և ոչ էլ տալ: Սիրում եմ կարծիքներ լսել և ինքս իմ եզրահանգումն անել: Խնդրում եմ մեծամտություն չհամարել:

- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամըոր Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

- Քանի որ ասացի, որ չեմ սիրում խորհուրդներ տալ, ես կասեմ այն, ինչն ինձ օգնել է հաջողության հասնելու հարցում: Երբեք չեմ մտածել, որ հավես չունեմ կամ հոգնած եմ: Սկզբում երբեք չեմ մտածել, թե ինչքան աշխատավարձ եմ ստանալու, այլ մտածել եմ, թե դա ինձ ինչ նոր հմտություն, կարողություն, գիտելիք ու փորձ կտա: Շատ ժամանակ աշխատել եմ որպես կամավոր, նույնը, եթե ժամանակ եմ գտնում, անում եմ հիմա: Դա ինձ հնարավորություն է տալիս նոր բան փորձել, նոր բան սովորել:

Եթե համալսարանում ինչ-որ բան պակասել է ինձ, մտածել եմ, թե որտեղից կարող եմ այն ձեռք բերել: Օրինակ՝ անգլերեն լեզվի կրող, երբ ես սովորում էի, չկար համալսարանում: Ես ճանաչում էի Խաղաղության կորպուսի կամավորներին և առաջարկեցի, որ համալսարանին էլ կամավոր կցվի: Դիմեցի դեկանին, վերջինս էլ խոսեց տնօրենության հետ, ըստ այդմ՝ ոչ միայն այդ տարի ունեցանք, այլև հաջորդիվ. արդեն չորրորդ կամավորն է գալիս ԵՊՀ ԻՄ: Մասնաճյուղում ստեղծվել է նաև Անգլերենի ռեսուրս կենտրոն, որտեղ այժմ անգլերենի դասեր են կազմակերպվում, և բազմաթիվ նյութեր ու գրականություն կա:

Եվ, ամենավերջինը, ես երբեք չեմ լսել այն մարդկանց, ովքեր ինձ ասել են, որ այս կամ այն բանն անել չեմ կարող, եթե հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում անել և ինչպես, փորձել եմ ու հիմա էլ փորձում եմ ինձ շրջապատել դրական մարդկանցով:

Շատ շնորհակալ ենք ինքնատիպ հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

 Hasmik-Vanyan_Samveli

 

Опубликовать материал
©2024 Все права защищены.