IMG_4037-2 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մեդորա Ասիլյանը վստահ է, որ կրթված ու բազմակողմանի զարգացած սերունդն է պետության հուսալի ապագայի երաշխիքներից մեկը…

  1. Մասնագիտական երազանքի իրականացման մասին…

Մասնագիտական երազանքս դեռևս մասնակիորեն է իրականացել: Հիմա սովորում եմ «Պատմություն» կրթական ծրագրով: Դպրոցական տարիներին պատմության հանդեպ ունեցած հետաքրքրությունը դրդեց ընտրել այս մասնագիտությունը: Չեմ կարող ասել՝ ինչով էր դա պայմանավորված, բայց դպրոցական տարիքում արդեն վերջնական որոշել էի և հաջողությամբ ընդունվեցի: Մասնագիտական հետագա պլանների փակագծերը հիմա չեմ ուզում բացել, միայն կարող եմ ասել, որ այդ ժամանակ արդեն վերջնականապես իրականացված կլինի մասնագիտական երազանքս:

  1. Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…

Առաջին կուրսում էի սովորում, երբ իմ ուսանողական ընկերներից Շիրակ Գասպարյանը, ով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության փոխնախագահն էր և ակտիվ համալսարանական, առաջարկեց ՈՒԳԸ-ում ներգրավվել: Ընդունեցի նրա առաջարկը և արդեն գրեթե 3 տարի է, ինչ մասնաճյուղի ՈՒԳԸ նախագահն եմ: Ընդհանրապես ՈՒԳԸ-ն  ինքնաարտահայտվելու և հմտություններ զարգացնելու շատ կարևոր հարթակ է: Այն ինձ համար ուղղակի կառույց չէ. ամբողջությամբ իր մեջ ամփոփում է իմ ուսանողական տարիները՝ իրենց դրական և բացասական օրերով: Հենց ՈՒԳԸ-ում ձեռք բերած հմտությունների և ցուցաբերած ակտիվության շնորհիվ արդեն 2-րդ կուրսում ստացա աշխատանքային առաջարկներ: Իրականում դժվար է համատեղել դասերը և աշխատանքը, բայց այդ ամենի շնորհիվ ինձ համար ապագայի հետ կապված շատ հարցեր արդեն իսկ ուրվագծված են և նպատակ են դարձել:

  1. Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…

Համալսարանից ինձ հետ տանելու շատ սիրուն հիշողություններ ունեմ: Միայն քննություններով, չքնած օրերով և ստացած գնահատականներով չպետք է հիշել ուսանողական տարիները: Չմոռացվող պահերը շատ-շատ են՝ սկսած դրականից մինչև ամենատխուր ու կոտրված պահերը, որոնք ուսանողին կոփում են ու նախապատրաստում ավելի մեծ փորձությունների: Իմ ուսանողական տարիների մեծ մասը համընկել է համավարակի և պատերազմի հետ: Առաջին կուրսը դեռ չէի ավարտել, երբ սկսվեց համավարակը, անցանք առցանց ուսուցման, և ակտիվ ուսանողական կյանքը, որը նոր էր սկսել  առաջին կուրսեցու համար, մի պահ կանգ առավ: Արդեն 2-րդ կուրսում էի, երբ  պատերազմ սկսվեց: Աննկարագրելի բարդ շրջան էր: Այդ օրերին և դրանից հետո՝ մինչև այսօր, դժվար է նախկին համալսարանական առօրյային վերադառնալ, երբ դասի գալիս շուրջդ ամեն ինչ  հիշեցնում է քո կուրսընկերոջը ու ընկերներին, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն: Այդ ծանր իրավիճակում ինձ համար միակ լուսավոր կետը Ուսանողական գիտական ընկերությունն էր՝ իր մոտիվացված անդամներով: Անվերջ կարող եմ խոսել ՈՒԳԸ-ից ու դրանից ելնելով՝ ուսանողներին էլ խորհուրդ տալ չպարփակվել և ակտիվ ուսանողական կյանք վարել:

  1. Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…

Պատմություն ուսումնասիրելը բավականին դժվար է, բայց և անհրաժեշտ՝ սեփական ինքնությունը ձևավորելու և հաստատելու համար: Երկրում առկա մարտահրավերին դիմակայելու համար պետք է բավարար իմացություն ունենալ և պատճառահետևանքային կապերը հասկանալ: Արխիվային ուսումնասիրություններից և կատարած հետազոտություններից մինչև ուսումնական հաստատություններում դասավանդելը պատմաբանի հիմնական աշխատանքն է: Առհասարակ կրթված ու բազմակողմանի զարգացած սերունդն է պետության հուսալի ապագայի երաշխիքներից մեկը:

  1. ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…

Նպատակներ ունեցող ուսանողին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տալիս է գիտելիք, փորձ, ընկերներ և դասախոսներ, ովքեր դարձել են ավագ ընկերներ: Վերջում ուզում եմ հստակ շեշտել, որ ուսանողական կյանքը անմոռանալի դարձնելու համար ցանկություն է պետք:

Опубликовать материал
©2024 Все права защищены.